«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայ արդարադատության նորաթուխ Ֆեմիդան չբարեհաճեց մոտենալ քաղաքացիներին

Հայ արդարադատության նորաթուխ Ֆեմիդան չբարեհաճեց մոտենալ քաղաքացիներին
16.10.2015 | 00:32

Հայաստանում արդարադատության համակարգն այնքան է անլրջացել ու այնքան սպառել իրեն, որ Արփինե Հովհաննիսյանի նշանակմամբ կարևորվեցին ոչ թե նրա մասնագիտական որակները, այլ Գինեսի գրքում գրանցվելու արժանի (կամ արդեն գրանցված) արտաքինը: Մոռացանք, որ գեղեցկության գնահատման այլ հարթակներ ու ոլորտներ կան: Երեկ` հոկտեմբերի 15-ին, հայ արդարադատության նորաթուխ Ֆեմիդան ապացուցեց, որ իր նախորդների արժանի «ժառանգորդն» է` շարունակելով վերջիններիս արատավոր գործելաոճը:
Արդեն մի քանի օր է` ցմահ ազատազրկվածները հացադուլ են հայտարարել, և երեկ նրանց հարազատները արդարության պահանջով եկել էին կառավարության «դուռը»: Սակայն ոչ մեկը, այդ թվում` արդարադատության նախարարը, չբարեհաճեց նրանց լսել, պատասխանել, ցավին կարեկից լինել: Հարց՝ ուրեմն ինչո՞ւ նախարարի աթոռին բազմեցրին հիշյալ օրիորդին, որը սեփական ոլորտին առնչվող հարցերին իրազեկ չէ (ինձ թույլ եմ տալիս այդպես արտահայտվել, որովհետև օրիորդ Արփինեն ճողոպրեց ո՛չ միայն դատապարտվածների հարազատներից, այլև լրագրողներից) կամ որ ավելի հավանական է՝ անկարող է լուծում տալու սեփական ոլորտի խնդիրներին: Լրագրողների ու ցուցարարների կողմից կառավարության շենքի երկու մուտքերի համառ հսկողությունն ապարդյուն էր: Նախարարուհին կառավարության շենքում «գոլորշացել» էր: Իսկ ցմահ ազատազրկվածների հարազատները շա՜տ բան ունեին ասելու սիգաճեմ նախարարուհուն:
«Մեր երեխեքի գործերը վերանայեք: Իրենք հացադուլի են նստել, մենք էլ էնքան կնստենք, մինչև մի լուծում տան: Ինչքա՞ն կարելի է անմեղ երեխեքին լցնել բերդերը: Նիստ են անում, ինչի՞ մասին, որ անմեղ երեխան գնացել է հայրենիք պաշտպանելու, հետո ուրիշի հանցագործության համար ցմա՞հ է դատապարտվել: Սա ցեղասպանություն չէ՞, երեխեքին ներսում են կոտորում, դրսում` ծնողներին: Տասներկու տարի է` մեր ձայնն ո՞վ է լսում: Բոլորի դուռն էլ թակել ենք ապարդյուն։ Ո՞վ ենք մենք նրանց համար»,- հայտարարում էր Արթուր Քոչարյանի` Էջմիածնից եկած մայրը` շեշտելով, որ եթե դատավորներն ու դատախազները խիղճ ունենային, իր որդին վաղուց ազատության մեջ կլիներ: «Իրեն դատող դատախազն ասաց, որ եթե վերևից հրաման չլիներ, Ձեր երեխան դատարանի դահլիճից դուրս կգար, ի՞նչ է սա նշանակում: Եթե գործերը չվերանայեն, կշպրտենք անձնագրերն ու կգնանք, մնանք ի՞նչ անենք»,- հավելեց Քոչարյան Ֆենյան` Արթուրի մայրը: «Գնացեք մեկուսարան, բոլոր դատապարտվածները բանվորների երեխաներ են, գումար չենք ունեցել, որ հանենք: ՈՒրիշի կատարածի համար մեր երեխաները նստեցին»,- հավելեց տիկին Ֆենյան:
«Ես այլևս ոչ պահանջ, ոչ էլ ակնկալիք ունեմ: Նախագահից երկու բան եմ խնդրում` կամ մահ, կամ ազատություն: Քսան տարի է` պայքարում եմ, անօգուտ: Անգամ ինքնահրկիզման փորձ արեցի նախագահականի դիմաց, կանխեցին: Հույս չունեմ, որ այս երկրում ինչ-որ գործ կբացահայտվի: Մենք էլ ողջ ընտանիքով իրենց հետ ցմահ նստած ենք»,- արտասվելով պատմեց Արթուր Մկրտչյանի մայրը, իսկ նրա հայրը շարունակեց, որ չեն բացահայտի այս գործը, քանի որ ՀՀՇ-ի «կեղտերը» ջրի երես դուրս կգան և շատերի, այդ թվում` այս իշխանության որոշ անդամների «գլուխը կթռնի»:
Ցմահ դատապարտված Արեն Չատինյանի` Լոռիից եկած մայրը զարմանում է՝ ոչ մի իշխանավոր իր տաքուկ տեղից չշարժվեց` տեսնելու, թե ինչու են հիսունից ավելի ցմահ դատապարտվածներ հացադուլ հայտարարել:
«Տղայիս գործը քննող քննիչը տղայիս դատապարտվելուց մեկ տարի հետո կալանավորվեց, քանի որ գործերը սխալ էր քննել: Ես էդ քննիչին էլ ո՞նց վստահեմ: Պահանջում եմ նորից տղայիս գործը քննել: Ապացույցների բացակայության հիման վրա, ո՞նց կարելի է միայն ենթադրություններով ցմահ դատապարտել: Պահանջում ենք նաև, որ ցմահ դատապարտվածները հացադուլից դուրս գան, առանց այն էլ այդ մարդիկ իրենց առողջությունը կորցրել են, գազանի նման գցել են վանդակների մեջ, պահում են: Թող գնան լսեն էդ մարդկանց, իրենք դիմում են գրել Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ այդ մարդկանց խնդիրներին լուծում չեն տալիս: Ինչո՞ւ տասնութ տարեկան տղան պիտի գնա բանակ, հայրենիքը պաշտպանի, հետո ցմահ դատապարտեն, թող հրամանատարին դատապարտեն, որ բանակում էդպիսի բաներ են լինում»,- վրդովված նշեց Ալլա Մարտիրոսյանը` Արենի մայրը, հավելելով, որ ով անտեր է, փող, թիկունք չունի, ուրիշի կատարած «կեղտերը» բարդում են նրանց վրա: «Էս անկախ Հայաստանի ղեկավարությունից պահանջում ենք ցմահ դատապարտվածների գործերը վերանայել: Չենք ասում` ազատել, առաջարկում ենք ընդամենը վերանայել, հիմքեր բերել, որ նրանք մեղավոր են»,- պնդեց տիկին Ալլան:
«ՈՒթ տարի նստած է իմ տղան: Ասում էին` ասա թող իր վրա վերցնի, տասնհինգ տարի կտանք, չէ, ցմահով կտանք կգնա: ՈՒ էդպես էլ արեցին: Առանց ապացույցների ցմահ ազատազրկման դատապարտեցին: Թե՞ չգիտենք` Գորիսում Լիսկան, իր տղան ինչեր են անում: Էդքան մարդ սպանեցին, բայց ոչ մի բան չարեցին, որովհետև Լիսկայի տղան էր: Բայց իմ նման մարդու տղան նստած ա, որովհետև ես թև ու թիկունք չունեմ: Էս երկիր ա՞, որ մենք ապրում ենք: Երեք հատ դիպլոմ ունեմ, բայց տասնհինգ տարի ա գործ չունեմ, ինչով ապրեմ` գողությա՞մբ, թե՞, կներեք, բոզությամբ: Ինչպե՞ս ցմահ ազատազրկված մարդուն կարողանամ ուտելիք տանեմ հասցնեմ: Չորս տարի ա` ասում են գործերը կվերանայենք, ո՞ւր են էդ վերանայողները, որտե՞ղ են»,- բորբոքված նշեց Ավետիսյան Վաղարշակի մայրը՝ Բադալյան Մարինեն` աբսուրդ որակելով այսքան փոքր երկրում հարյուրից ավելի ցմահ դատապարտված ունենալու փաստը:
Տիգրան Փիլոյանի կինը` հինգ երեխաների մայր, բողոքում էր, թե ինչու գործերը չեն վերանայվում, մի՞թե այդ հինգ երեխաները պետք է մնան առանց հոր: «Միթե այդ մարդիկ ներման հնարավորություն չունեն: Հասկացանք, հանցանք են կատարել, բայց դուք ավելի եք խորտակում այդ մարդկանց: Կամ ասում են` մարդը չի ուղղվել: Էդ ի՞նչ ասելու բան ա, որտե՞ղ պիտի գրվի, որ ուղղվել է, ճակատի՞ն: Բա իմ երեխեքի, իմ ճակատագի՞րը ինչ պիտի լինի: Ո՞Ւմ մարդուն գնամ բերեմ, որ իմ տան մեջ մի մեխ խփի: Էս ի՞նչ արդարադատություն է, մնում է կախվեն կամ փոս փորեն ու բոլորին լցնեն մեջը: Էդ օրենսգրքի մեջ այդ մարդկանց մի ներման կետ չկա՞: Անմեղ մարդուն տարան դարձրին հանցագործ, որովհետև գումար չունեի, որ նրա անմեղությունն ապացուցեի: ՈՒրիշի տեղն էր դատվում, գոնե տասնհինգ տարի տային, ընտանիքն էլ էսպես չփլուզեին: Պիտի գնամ մարդկանց ոտքի տակը մաքրեմ, որ էդ մարդուն «պերեդաչի» տանեմ»,- ասաց Լիլիթը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ յուրաքանչյուր դատապարտյալի հաշվով պետբյուջեից օրական չորս հազար դրամ է դուրս գրվում: Եթե ընտանիքի անդամներն են «պերեդաչա» տանում, բա այդ գումարներն ո՞ւմ գրպանն են գնում:
Ցուցարարների մեջ էր նաև քաղբանտարկյալ, ցմահ ազատազրկված Արմենակ Մնջոյանի դուստրը` Լաուրա Մնջոյանը: Արդեն քսանմեկ տարի հայրը գտնվում է ճաղավանդակների հետևում, բայց Լաուրան հույսը չի կորցնում, որ հայրը այնտեղից դուրս է գալու: «Բայց քանի որ ապրում ենք անարդար երկրում, անմեղն ու մեղավորն իրարից չեն տարբերվում, հանցանքները «բարդվում» են անմեղների վրա, դժվար է արդարադատությանը հավատալ: Ցմահ դատապարտել են մի մարդու, որն արցախյան հերոսամարտի մասնակից է: Ըստ օրենսգրքի, նրան արդեն պետք է ներում շնորհեին, չնայած նա ոչ մի հանցանք էլ չի գործել»,- նշեց Լաուրան` ավելացնելով, որ այսպիսի իրավիճակ ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: «Քոչարյանն իրեն դատավորի տեղ դրեց ու որոշեց տասնհինգ տարին փոխարինել ցմահ դատապարտմամբ: Այս իշխանությունն էլ ոչինչ չի անում նախորդի սխալները սրբագրելու և արդար որոշումներ կայացնելու համար»,- վստահեցրեց «Դրոյի» գործով դատապարտված Արմենակ Մնջոյանի դուստրը:
Ցմահ դատապարտվածների հարազատները, տեսնելով, որ իրենց ոչ մի պաշտոնյա, առաջին հերթին արդարադատության նախարարը, չի մոտենում, որոշեցին գնալ նախագահական և իրենց նամակ-խնդրանքը հանձնել նախագահին: «Երևի սոված էին, գնացին հաց ուտելու»,- կառավարության շենքից այլևս որևէ «ակնկալիք» չունենալով, նետեցին ցուցարարները և քայլեցին դեպի Բաղրամյան 26:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ